Աշխարհի վերջին օրը պետք է հիշենք ի պատկերի ու նմանության Վլադիմիր Վլադիմիրովիչի: Նա ասուլիսի էր։ ՈՒ սովետական տեմպերով ռուսական ողջ մաս-մեդիան «ուժեղ» հաշվում էր` քանի րոպե, քանի ժամ կարող է խոսել «սև գոտիավոր» հետախույզ-«բորեցը» այս անգամ` աշխարհի վերջից առաջ:
Եվ ուրեմն «կռունկաթռիչ» Պուտինն իր առողջության մասին ասաց` հույս չունենաք, ես ողջ-առողջ եմ, իմ օպոնենտներն են հորինում, որ ես հիվանդ եմ:
Հետաքրքիր է, որ Խորհրդային Միությունը վերականգնել ցանկացող Պուտինը փորձում էր առավել դեմոկրատ երևալ, իբր թե իրեն «մաքրելով» Մագնիտսկու գործից (մեղքը, փաստորեն, բարդելով Դիմայի` Արևմուտքից սիրված «меланький чертик»-ի վրա, ինչպես անվանում են Պուտինի Կրեմլում Մեդվեդևին), ու ասում, որ Մագնիտսկու մահվան օրերին ինքն իր համար տքնաջան աշխատում էր կառավարությունում: Իսկ իրականում հակադարձում էր ամերիկացիների հակառուսական «պոտոկը»` որդեգրման մասին իրենց օրենքում փոփոխությունների «հոդվածով», ցուցանելով մարդու իրավունքների «գծով» ամերիկյան երազանքի սնանկությունը:
Ասուլիսում նա, բնականաբար, մեծ տեղ հատկացրեց Վրաստանի նախագահին, որին էն հի՜ն օրերում ցանկացել էր «մի տեղից կախել մոտակա ծառից», վրացական գինիներին, ինչպես նաև իր «Բոլոտնայայում» գունավոր հեղափոխություն «սկսած» Թարգամաձեին:
Բայց դե, Ֆրանսիան էլ հետ չմնաց. Ժերար Դեպարդիեն հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից, որոշել է դառնալ ՌԴ քաղաքացի, էլ ի՞նչ Վոլոդյա, որ ձեռի հետ մի հատ էլ «ֆղանսին» «մոչիտ» չաներ. հա, ես ու Ժերարն իրար «քիփ» ենք:
Կուդրինի, Խոդորկովսկու, օֆշորի մասին հարցերը թողնենք մի կողմ, վերջացնենք Սիրիայի մասին հարցով. Պուտինն այս սկսեց Լիբիայից ու ցուցանեց, որ Լիբիան քանդվում է, որպեսզի նույնը տեղի չունենա Սիրիայում։ «Дорогой мой»,- ասաց նա Associated Press-ի գործակալին ահավոր զգայական ձայնով,- պետք է նախ երկիրը փրկել անկումից և քաղաքացիական պատերազմից, ապա նոր մտածել` ինչպես ապրել հետո»։
Դո՛ւ ասացիր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ